ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԵՄ երկրների ֆինանսական աջակցությունը Ուկրաինային չի փոխի երկրի տարածքում ռազմական գործողությունների ընթացքը։ Բրյուսելը, նրա խոսքով, Կիևին գումար է հատկացնում ի վնաս իր և իր արդյունաբերության, գրում է «Կոմերսանտը»։

«Հատուկ ռազմական գործողության ընթացքում իրադարձությունների ընթացքը փոխել այդ գումարները չեն կարող ... Մենք շարունակում ենք հատուկ ռազմական գործողությունը, մեզ համար գլխավորն այն նպատակներին հասնելն է, որոնք  դրված են մեր առջև»,- ասել Է Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա հավելել է, որ գումարները հատկացվում են ի վնաս Եվրամիության երկրների տնտեսությունների, որոնք «առանց այդ էլ դժվար ժամանակներ են ապրում»: Ֆինանսական օգնությունը, ինչպես ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, հատկացվում է ոչ թե ստեղծելու, այլ «պատերազմի եւ ռեժիմին աջակցելու համար»: Թե ինչ արդյունավետությամբ և ինչ նպատակներով են այդ գումարները ծախսվում Կիևում, ըստ նրա, հայտնի չէ։