Լեհաստանի քաղաքական պայքարը պետական լրատվամիջոցների շուրջ շարունակվել է չորեքշաբթի, երբ նախագահ Անջեյ Դուդան ներկայացրել է ծախսերի վերանայված օրինագիծը՝ հակառակ լրատվամիջոցները քաղաքական վերահսկողությունից ազատելու մասին նոր եվրոպամետ կառավարության խոստումներին, հաղորդում է AP-ն:
Դուդան վետո է դրել նոր կառավարության օրինագծի վրա, որը 3 միլիարդ զլոտի (762 միլիոն դոլար) էր նախատեսում պետական լրատվամիջոցների համար: Նախագահի առաջարկած օրինագիծը վերացնում է այդ ֆինանսավորումը:
Լեհաստանի պետական լրատվամիջոցները առաջին մարտադաշտը դարձան վարչապետ Դոնալդ Տուսկի կոալիցիոն կառավարության և պահպանողական «Իրավունք և արդարություն» կուսակցության միջև, որը նախկինում իշխանության էր և որի դաշնակիցները շարունակում են իրենց ներկայությունը պետական լրատվական գործակալության կենտրոնակայանում:
Տուսկը իշխանության եկավ ազգային միասնությունը և ժողովրդավարական նորմերը վերականգնելու խոստումներով, այդ թվում՝ հանրային լրատվամիջոցների բարեփոխումների միջոցով։ Նրա կառավարությունն ունի 248 տեղ 460 անդամից բաղկացած ստորին պալատում կամ Սեյմում: Դրա հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 10-11-ը։
Դուդան պաշտոնավարելու է ևս մեկուկես տարի։ Որոշ դիտորդներ կարծում են, որ «Իրավունք և արդարություն»-ը հուսով է պահպանել վերահսկողությունը պետական լրատվամիջոցների վրա և առաջ մղել իր գաղափարները հաջորդ տարվա տեղական ինքնակառավարման մարմինների և Եվրախորհրդարանի ընտրությունների նախաշեմին:
Լեհաստանի պետական լրատվամիջոցները ֆինանսավորվում են հարկատուների կողմից և, ըստ սահմանադրության, պետք է զերծ լինեն քաղաքական կողմնակալությունից: Սակայն քննադատները մեղադրել են «Իրավունք և արդարությանը» լրատվամիջոցները որպես քարոզչական խոսափող օգտագործելու մեջ, որը պառակտում էր ազգը՝ ապատեղեկատվություն տարածելով:




























