ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սպառազինությունների վերահսկման շուրջ երկխոսությունը վերսկսելու համար դեռևս նախադրյալներ չկան, քանի որ Վաշինգտոնի քաղաքականությունն ուղղված է երկկողմ հարաբերությունների սրմանը, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։ 

«Նախադրյալներ չկան։ Ընդհակառակը, ԱՄՆ-ի ողջ քաղաքականությունն ուղղված է մեր հարաբերությունների վատթարացմանը»,- ասել է Ուլյանովը՝ մեկնաբանելով երկու երկրների՝ միջուկային ոլորտում ռիսկերի քննարկմանը վերադառնալու հնարավորությունը։

Ինչպես նշել է դիվանագետը, Մոսկվան երկրների միջև հարաբերությունների ներկա վիճակում «միանգամայն անիրատեսական» է համարում քննարկել Ռուսաստանի Դաշնության միջուկային օբյեկտներում ստուգումների համար ամերիկացի մասնագետներին ընդունելու հնարավորությունը։

«Ոչ ոք հավանաբար չգիտի, թե ինչ տեսք կունենա նոր պայմանագիրը: Դա կախված է լինելու միջազգային ասպարեզում իրերի վիճակից, ռազմաքաղաքական ոլորտում իրերի վիճակից»,- հավելեց մշտական ​​ներկայացուցիչը։

Փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարեց, որ Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը ռուս-ամերիկյան ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին՝ ընդգծելով, որ երկիրը դուրս չի գալիս պայմանագրից։