Ուկրաինայի Խերսոնի մարզի՝ Ռուսաստանի կողմից գրավված հատվածի օկուպացիոն իշխանությունները միտումնավոր թաքցրել են 2023 թվականի հունիսին Կախովկայի ՀԷԿ-ում ամբարտակի ճեղքման հետևանքով տարածաշրջանում առաջացած ջրհեղեղի զոհերի իրական թիվը։ Այս մասին դեկտեմբերի 28-ին հայտնել Է AP գործակալությունը, որը կազմվել է երեք բուժաշխատողների հետ զրույցների հիման վրա, որոնք վարել են զոհվածների հաշվառումը, տեղի բնակիչներին հուղարկավորող կամավորի, ինչպես նաեւ երկու ուկրաինացի տեղեկատուների հետ զրույցների հիման վրա, որոնք համագործակցել են Ուկրաինայի հետախուզության հետ:

ՌԴ զորքերի կողմից գրավված տարածքի ամենամեծ բնակավայրերից մեկի՝ Օլեշկի քաղաքի հիվանդանոցի աշխատակիցները պատմել են, որ օկուպացիոն իշխանությունների ներկայացուցիչները տեղական կազմակերպությանը, որը պատասխանատու էր փողոցների մաքրման համար, հրամայել են հավաքել ջրհեղեղից զոհվածների մարմինները եւ թաղել զանգվածային գերեզմաններում: Բուժաշխատողների խոսքով՝ միայն Օլեշկիում փորվել են մի քանի նման գերեզմաններ, որոնցում թաղված են տասնյակ մարմիններ ։

Աղետից անմիջապես հետո, ըստ հոդվածի, օկուպացիոն «վարչակազմը» փախել է քաղաքից և վերադարձել միայն մի քանի օր անց, երբ ջրի մակարդակը սկսել է իջնել ։ Վերադառնալով՝ այդ իշխանությունները բժիշկներին արգելել են ջրհեղեղի զոհերի մահվան վկայականներ տրամադրել, իսկ զոհվածների մարմինները դիահերձման համար տեղափոխել են Խերսոնի շրջանի օկուպացված տարածքի այլ բնակավայրեր։

«Մահացածներից մի քանիսը հարազատներ չունեին, ուստի նրանց թաղմամբ պետք է զբաղվեին «իշխանությունները»։ Սակայն այդ մարմինները պարզապես «անհետացել են», նշում են գործակալության կողմից հարցված բուժաշխատողները։ AP-ի հետ զրույցում կամավորը հայտնել է, որ ռուս ուժայինները նաև սպառնացել են նրանց, որոնք փորձել են ինքնուրույն թաղել մարմինները։

AP-ի զրուցակիցների գնահատմամբ՝ միայն Օլեշկիում կարող էր զոհվել 200-ից 300 բնակիչ ջրհեղեղի պատճառով: Միևնույն ժամանակ, Խերսոնի շրջանի օկուպացված մասի Ռուսաստանի Դաշնության նշանակված նահանգապետ Վլադիմիր Սալդոն հայտարարել է, որ ամբողջ տարածաշրջանում աղետի հետևանքով զոհվել է ընդամենը 59 մարդ: