Մալիում ՄԱԿ-ի բազմաչափ համալիր առաքելության անդամները (MINUSMA) լքել են իրենց բազան Տոմբուկտու շրջանում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Արարողության ընթացքում MINUSMA-ի ղեկավար Անտոն Անչևը բազայի «բանալին» հանձնել է Տոմբուկտուի նահանգապետ Բակուն Կանտեին, նաև իջեցվել է ՄԱԿ-ի դրոշը։
Հունիսի 30-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Մալիի կառավարության խնդրանքով միաձայն ընդունել է աֆրիկյան այս երկրում խաղաղապահ առաքելությունը դադարեցնելու մասին որոշումը։ Ստորաբաժանումների դուրսբերումը պետք է ավարտվի մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։
MINUSMA-ն ստեղծվել է 2013 թվականի գարնանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ։ Առաքելության խնդիրն էր աջակցել Մալիի իշխանություններին հանրապետության տարածքում անվտանգության ամրապնդման գործում։ Սակայն, 2023 թվականի ամռանը Մալիի կառավարությունը հայտարարեց, որ MINUSMA-ն ձախողել է իր խնդիրը և պետք է լքի երկիրը։ Այն ժամանակ առաքելությունը բաղկացած էր ավելի քան 15 հազար զինվորականներից։ Մալիում առաքելության հիմնադրումից ի վեր նրա անձնակազմի մոտ 300 աշխատակից է զոհվել։





























