Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ այլևս հնարավոր չի համարում միավորումը Կորեայի Հանրապետության հետ։ Նրա խոսքերը մեջբերել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։

«Հետադարձ հայացք գցելով միջկորեական երկարաժամկետ հարաբերություններին՝ մեր կուսակցությունը եկել է այն եզրակացության, որ երբեք հնարավոր չի լինի միավորվել Կորեայի Հանրապետության հետ, որը որդեգրել է «կլանման միջոցով միավորում» և «համակարգի միատեսակություն» պետական ​​քաղաքականություն: Դա հակասում է «մեկ ժողովուրդ, մեկ պետություն, երկու համակարգեր» սկզբունքով միավորելու մեր քաղաքականությանը»,- ասել է Կիմ Չեն Ընը։

Նա բացատրել է, որ իրականությունը Փհենյանին ստիպում է վերաիմաստավորել միջկորեական հարաբերությունների նկատմամբ սեփական մոտեցումը։ Գլխավոր քարտուղարը նշել է, որ ԿԺԴՀ-ն և Կորեայի Հանրապետությունը դարձել են միմյանց համար «թշնամական պետություններ», հարավի նկատմամբ քաղաքականությունն այլևս չպետք է հիմնված լինի միայն այն փաստի վրա, որ այնտեղ ապրում են ցեղակիցներ։

Ըստ Կիմ Չեն Ընի՝ Հարավային Կորեայի իշխանությունները պարզապես ԱՄՆ-ի «գաղութային վարչակազմի կամակատարներն են», նրանց հետ միավորման հարցերի քննարկումը չի համապատասխանում ԿԺԴՀ-ի ազգային արժանապատվությանն ու կարգավիճակին։ «Այնտեղ, որտեղ այժմ Հարավային Կորեան է, քաղաքականությունը լիովին անհետանում է, նրանց ողջ հասարակությունը թաղված է յանկի մշակույթի մեջ: Դա պարզապես գաղութատիրական կախվածություն ունեցող պետություն է, որն ամբողջությամբ ապավինում է ԱՄՆ-ին պաշտպանության և անվտանգության համար»,- հավելել է նա: