Դանիական Maersk նավագնացային ընկերության Hangzhou առևտրային նավը կրկին ենթարկվել է հութիների հարձակմանը Կարմիր ծովում, և ամերիկյան ուղղաթիռները խորտակել են հարձակվող նավերը, հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

Կիրակի ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ USS Gravely-ն երկու հականավային բալիստիկ հրթիռ է խոցել Կարմիր ծովում՝ ի պատասխան հութիների հարձակման Սինգապուրի դրոշով Հանգժոու նավի վրա:

«Դեկտեմբերի 31-ի առավոտյան ժամը 6:30-ին Maersk բեռնանավը Hangzhou-ն ուղարկել է իր երկրորդ աղետի ազդանշանը 24 ժամից պակաս ժամանակում՝ հայտնելով Իրանի կողմից աջակցվող հութիների չորս փոքր նավակների հարձակման մասին», - հայտնում է հրամանատարությունը X սոցիալական ցանցում:

Հաղորդագրության համաձայն՝ հութիները 20 մետր հեռավորությունից կրակել են բեռնանավի վրա, ինչպես նաև փորձել են մտնել նավ, որի անվտանգության թիմը պատասխան կրակ է բացել։ Հաղորդվում է, որ ազդանշանին ի պատասխան վայր ուղարկված ամերիկյան ուղղաթիռները նույնպես կրակի են ենթարկվել հութիների կողմից։

«ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռները ինքնապաշտպանության նպատակով պատասխան կրակ են բացել՝ խորտակելով չորս փոքր նավակներից երեքը և չեզոքացնելով անձնակազմը։ Չորրորդ նավը լքել է տեղանքը, հայտնել են ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից: