Իսրայելի գերագույն դատարանը հակասահմանադրական է ճանաչել դատական բարեփոխման մասին օրենքը, որը խորհրդարանում անցկացրել է Բենիամին Նեթանյահուի աջ կառավարությունը, եւ որն ուղղված է այդ դատարանի լիազորությունների էական կրճատմանը, տեղեկացրել է BBC-ն։

Դատական բարեփոխումը առաջ էր բերել սուր դիմակայություն իսրայելական հասարակությունում, որը միայն մասամբ էր հետին պլան մղվել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։ Դատավորների որոշումը կարող է հանգեցնել սահմանադրական ճգնաժամի, եթե կառավարությունը որոշի չենթարկվել դրան։

Օրենսդրությունը դատարանին զրկում է այն օրենքները չեղարկելու հնարավորությունից, որոնք նա համարում է «ոչ խելամիտ»։

Բարեփոխման կողմնակիցները պնդում էին, որ ոչ մեկի կողմից չընտրված դատավորներն այդ կերպ «կջնջեն» Կնեսետում դեմոկրատական ճանապարհով ընտրված պատգամավորների մեծ մասի որոշումները։ Քննադատներն ասում էին, որ դա դատարանի լիազորությունն է՝ զսպումների եւ հակակշիռների համակարգի կարեւորագույն տարր, որը իսրայելական լիբերալ դեմոկրատիային թույլ չի տա վերածվել ավտոկրատիայի։

Դատարանի հայտարարությունում նշվել է, որ եթե օրենքն ուժի մեջ մտնի, «ծանր եւ աննախադեպ վնաս կհասցնի Իսրայել պետության բազային բնութագրերին՝ որպես դեմոկրատական պետության»։