ՆԱՏՕ-ն ասում է, որ պաշտպանական դաշինքի եվրոպական անդամները 5,5 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր են ստորագրել ԱՄՆ-ի Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար հազար հրթիռ արտադրելու և մատակարարելու համար:
Զենքի գնման համար պատասխանատու ՆԱՏՕ-ի գործակալությունը հայտնել է, որ պայմանագիրը ստորագրած երկրների թվում են Գերմանիան, Նիդեռլանդները, Ռումինիան և Իսպանիան, հաղորդում է BBC-ն։
Միաժամանակ, հրթիռների արտադրությունը կընդլայնվի Եվրոպայում. այն կտեղակայվի Գերմանիայում գտնվող գործարանում, որը ստեղծվում է որպես համատեղ ձեռնարկություն գերմանական MBDA պաշտպանական կոնցեռնի և ամերիկյան RTX խմբի մաս կազմող Raytheon-ի միջև։ Հյուսիսատլանտյան դաշինքը հայտարարեց Patriot զինամթերքի մեծ խմբաքանակ գնելու մասին այն ժամանակ, երբ Ռուսաստանը ուժեղացրել է օդային հարձակումները Ուկրաինայի վրա՝ օգտագործելով տարբեր տեսակի հրթիռներ։
Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը, ի թիվս այլ բաների, հաջողությամբ օգտագործում է իր արևմտյան դաշնակիցների կողմից իրեն մատակարարված Patriot կայանքները՝ այդ հարձակումների դեմ պայքարելու համար:
«Ռուսական հրթիռային և անօդաչու սարքերի հարձակումները ուկրաինացի խաղաղ բնակիչների, քաղաքների և գյուղերի վրա ցույց են տալիս, թե որքան կարևոր է ժամանակակից հակաօդային պաշտպանությունը», - AFP-ն մեջբերում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի խոսքերը: «Զինամթերքի արտադրության ավելացումը անվտանգության առանցքային խնդիր է թե՛ Ուկրաինայի, թե՛ մեզ համար»: Ինչպես հիշեցնում է AFP-ն, արևմտյան երկրներն ակտիվորեն զինամթերք են մատակարարում Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի համար, ինչը սպառել է նրանց պաշարները, և այժմ նրանք ստիպված են օգնություն խնդրել այնպիսի երկրներից, ինչպիսին է Ճապոնիան՝ համալրելու իրենց զինանոցը: Մեկ Patriot հրթիռի արժեքը մոտ 4 մլն դոլար է։
Եվրոպական երկրների ստորագրած պայմանագիրը ենթադրում է նաև զինամթերքի փորձարկման պահեստամասերի և սարքավորումների մատակարարում։





























