Կորեական թերակղզում լարվածությունը բարձրացավ հունվարի 5-ի առավոտյան, երբ Հյուսիսային Կորեան մոտ 200 հրետանային արկ արձակեց սահմանից հյուսիս գտնվող ծովը։ Դրանից անմիջապես հետո Հարավային Կորեայի իշխանությունները հրամայել են տարհանել Յոնփյոն և Բեկրեն կղզիները։

Հյուսիսային Կորեան շարունակել է արկեր արձակել երկու ժամ՝ մինչև առավոտյան ժամը 11-ը, հայտնել են հարավկորեացի զինվորականները: Սեուլը հայտնել է, որ Հարավային Կորեայի քաղաքացիներ կամ զինվորականներ չեն տուժել:

Հարավային Կորեայի շտաբի պետերի միացյալ հաղորդագրությունում ասվում է, որ Հյուսիսային Կորեայի գործողությունները «հրետանային հարձակումների վերսկսում են՝ ծովային սահմանի շուրջ «բուֆերային գոտիներում» և «սադրանքի ակտ, որը մեծացնում է լարվածությունը և սպառնում է խաղաղությանը Կորեական թերակղզում»: Այս մասին գրում է The Korea Herald թերթը։

Նոյեմբերին Հյուսիսային Կորեան հայտարարեց, որ դուրս է գալիս 2018 թվականի միջկորեական համաձայնագրից, որի նպատակն էր նվազագույնի հասցնել ռազմական լարվածությունը ընդհանուր սահմանի մոտ:

Համատեղ կոմիտեն ասել է, որ «ճգնաժամի սրման պատասխանատվությունը կրում է Հյուսիսային Կորեան» և կոչ է արել «անհապաղ դադար» անել։

«Մենք հետևում ենք զարգացումներին՝ սերտ համակարգելով Միացյալ Նահանգների հետ և միջոցներ կձեռնարկենք՝ Հյուսիսային Կորեայի սադրանքներին համարժեք», - ասվում է հաղորդագրության մեջ։