ԱՄՆ Գերագույն դատարանը հայտարարել է, որ կքննարկի պատմական գործն այն մասին, թե արդյոք նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում, հայտնում է BBC-ն։

Դատավորները համաձայնել են լսել Թրամփի բողոքը Կոլորադոյի որոշման վերաբերյալ՝  հեռացնել նրան նահանգի 2024 թվականի ընտրությունների թեկնածուների ցուցակից։

Գործը կքննվի փետրվարին, և որոշումը կտարածվի երկրի ողջ տարածքի վրա։

Մի քանի նահանգներ դատական ​​հայցեր են ներկայացրել՝ Թրամփին որակազրկելու նպատակով։ Ենթադրվում է, որ նա մասնակցություն է ունեցել երեք տարի առաջ ԱՄՆ Կապիտոլիումի ապստամբության ժամանակ տեղի ունեցած անկարգություններին:

Իրավական պայքարը կախված է նրանից, թե արդյոք Քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանի սահմանադրական փոփոխությունը Թրամփին զրկում է իր թեկնածությունն առաջադրելու իրավունքից։

Թրամփի բողոքը լսելու՝ Գերագույն դատարանի որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ 27 նահանգների գլխավոր դատախազները դիմում են ներկայացրել՝ խնդրելով դատարանին մերժել Կոլորադոյի որոշումը:

Դրանում նրանք պնդում են, որ Թրամփին քվեաթերթիկից հեռացնելը «կառաջացնի համատարած քաոս»։

«Առավել ակնհայտ է, որ սա շփոթություն կառաջացնի ընտրական ցիկլում, որին ընդամենը շաբաթներ են մնացել: Դա նաև խախտում է Կոնգրեսի, նահանգների և դատարանների համապատասխան դերերը»,- ասվում է փաստաթղթում։

ԱՄՆ Սահմանադրության 14-րդ փոփոխությունն արգելում է նրանց, ովքեր «ապստամբության կամ ընդվզման են մասնակցել» դաշնային պաշտոն զբաղեցնել, սակայն ԱՄՆ նախկին նախագահի փաստաբանները պնդում են, որ դա չի վերաբերում նախագահին:

Թրամփը նաև բողոքարկել է Մեյնի ընտրական պաշտոնյաների որոշումը՝ իրեն քվեաթերթիկից հեռացնելու վերաբերյալ։

Անցյալ ամիս Կոլորադոյի Գերագույն դատարանի ընդունած որոշումն ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ 14-րդ ուղղումն օգտագործվում է նախագահի թեկնածուին ընտրություններին մասնակցելուց զրկելու համար։

Մինեսոտայի և Միչիգանի դատարանները մերժել են Թրամփին որակազրկելու փորձերը։ Այլ գործեր, այդ թվում՝ Օրեգոնում, դեռևս քննման փուլում են։