ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիա և Հունաստան կատարած այցից հետո մամուլի համար հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ մեծ ուշադրություն է դարձվել այն բանի վրա, թե «ինչ կարող է անել Թուրքիան՝ օգտագործելով իր ազդեցությունը, իր կապերը, որպեսզի օգնի կանխել հակամարտության տարածումը Միջին Արևելքում»։
Ըստ նրա, Ստամբուլում կողմերը խոսել են նաև այն մասին, թե ինչ դեր կարող է ունենալ Թուրքիան Գազայի հատվածում հակամարտության ավարտից հետո «պաղեստինցիների գլխավորած կառավարման, անվտանգության, վերականգնման տեսանկյունից, ինչպես նաև այն աշխատանքի մասին․ որ նա կարող է վարել ուրիշների հետ՝ փորձելով ավելի կայուն խաղաղություն և անվտանգություն հաստատել տարածաշրջանում»:
«Եվ, իհարկե, Թուրքիայում մենք խոսեցինք նաև առաջիկա շաբաթների ընթացքում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վավերացման գործընթացի վերջնական քայլերի մասին»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։
Բլինքենն ասել է, որ թուրք և հույն դաշնակիցների և գործընկերների հետ քննարկել է նաև ՆԱՏՕ-ի դաշինքը և «հսկայական համերաշխությունը» Ուկրաինային աջակցելու հարցում:
«Մենք մի փոքր խոսեցինք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին նախապատրաստվելու քայլերի մասին, որը տեղի կունենա այս ամառվա սկզբին Վաշինգտոնում։ Կենտրոնացանք նաև այն հարցի վրա, թե ինչ են արել երկու երկրները նախագահ Էրդողանի և վարչապետ Միցոտակիսի գլխավորությամբ՝ Հունաստանն ու Թուրքիան մերձեցնելու համար, ներառյալ գագաթնաժողովը, որը երկու առաջնորդներն անցկացրել են հենց անցած ամիս»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ պետքարտուղարի շաբաթ օրը տեղի ունեցած հանդիպումը մամուլի համար փակ է եղել։
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը և Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը։
Մինչ Էրդողանի հետ հանդիպումը Բլինքենը բանակցություններ է վարել Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները։





























