Եվրամիությունը պետք է ձևավորի իր միասնական բանակը, որը կարող է դեր խաղալ խաղաղության պահպանման և հակամարտությունների կանխման գործում, հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին։
Իտալական La Stampa թերթին տված հարցազրույցում Տայանին նշել է, որ պաշտպանության ոլորտում եվրոպական համագործակցության սերտացումը առաջնահերթություն է «Հառաջ Իտալիա» կուսակցության համար, որը նա ղեկավարում է Սիլվիո Բեռլուսկոնիի մահից հետո:
«Եթե մենք ուզում ենք խաղաղարար լինել աշխարհում, մեզ անհրաժեշտ են եվրոպական զինված ուժեր։ Եվ սա սկզբունքային նախապայման է, որպեսզի կարողանանք արդյունավետ եվրոպական արտաքին քաղաքականություն վարել»,- ասել է նա հարցազրույցում։
Ըստ Իտալիայի ԱԳՆ ղեկավարի, ԱՄՆ-ի Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի նման հզոր խաղացողներով և Մերձավոր Արևելքից մինչև հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանն ընդգրկող ճգնաժամերով աշխարհում «Իտալիայի, «Գերմանիայի, Ֆրանսիայի կամ Սլովենիայի քաղաքացիներին կարող է պաշտպանել միայն այն, ինչ արդեն գոյություն ունի, այն է՝ Եվրամիությունը»:
Տայանին նաև նշել է, որ 27 երկրներից բաղկացած ԵՄ-ն պետք է կարգավորի իր ղեկավարությունը և ունենա միասնական նախագահություն, այլ ոչ թե Եվրոպական խորհրդի նախագահի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի ներկայիս կառուցվածքը:





























