Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը Իսրայել մեկնելուց առաջ հայտարարել է, որ Գազայի հատվածից չպետք է սպառնալիք բխի Իսրայելի գոյության համար, իսկ ՀԱՄԱՍ-ի գրոհայինները պետք է վայր դնեն զենքը, տեղեկացրել է DW-ն։

Բերբոքի կարծիքով՝ ներկայիս աշխարհաքաղաքական ճգնաժամից կարելի է օգտվել խաղաղության հաստատման նոր փորձի համար։

«Տարածաշրջանը պետք է դուրս գա բռնության հավերժական շրջափուլից»,- նշել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը։

Բերբոքն առանձնապես ընդգծել է Գազայի հատվածի պահանջը «շատ ավելի մեծ ծավալի հումանիտար օգնության հարցում»։

Գերմանիայի արտգործնախարարը նաեւ Իսրայելին կոչ է արել պաշտպանել Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին՝ ընդգծելով, որ այդ տարածաշրջանի, ինչպես նաեւ Հորդանան գետի արեւմտյան ափի բնակիչներին հարկավոր է «կյանքի անվտանգության, արժանապատվության եւ ինքնորոշման շանս»։

«Դրա համար Իսրայելը, որն ահաբեկչությունից ինքնապաշտպանության իրավունք եւ պարտականություն ունի, պետք է իր ռազմական գործողություններում ավելի շատ պաշտպանի քաղաքացիական անձանց»,- ընդգծել է նա։