Մեր հանդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացրեցինք մեր հոգսերն ու խնդիրները, խնդրեցինք, որ գոնե 5 ամիս՝ մինչեւ ուսումնական տարվա վերջը թույլ տան աշխատենք: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, ԿԳՄՍ նախարարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակցող ուսուցիչներից մեկը։

«Նախարարն ասաց՝ խոսք չեմ տալիս, բայց կփորձեմ իրավաբանորեն այդ հարցը լուծել: Հետո խոստացավ, որ պետությունը կաջակցի, որ մենք ստանանք բարձրագույն կրթություն, վճարի հարցը ինքը կլուծի: Դր համար պետք է ցանկացող ուսուցիչների տվյալները փոխանցենք իրեն: Նաեւ ասաց, որ եթե ուսուցիչը վերջին կուրս է եւ նրան ազատում են աշխատանքից, ապա այդ դեպքում կարող են դպրոցում տեղավորել այլ աշխատանքի, իսկ ավարտելուց հետո կարող է մրցույթի մասնակցել եւ նոր աշխտանքի անցնել»,-ասաց ուսուցիչը:

Մեկ այլ ուսուցիչ էլ, ով եւս մասնակցել է նախարարի հետ հանդիպմանը, ասաց. «Նախարարը խոստացել է, որ դպրոցներում կլինեն շրջաբերականներ, կհետևեն, հետազոտական աշխատանք կկատարեն։ Յուրաքանչյուրին յուրահատուկ մոտեցմամբ կհրավիրեն դպրոց։ Այնտեղ կան հաստիքներ, որտեղ հանգիստ կարող ենք աշխատել։ Այստեղ մեզ համբերություն է պետք։ Տիկին Ժաննա Անդրեասյանի մոտեցումներից բավարարված եմ, եթե իհարկե իրականություն դառնա։ Ինքը  շատ մարդկային ձևով ներկայացրեց ամեն ինչ։ Տա Աստված իրականություն դառնա։ Սպասենք հաջորդական քայլերին»,-նշեց մանկավարժը։

Նրա խոսքով՝ նախարարը նաև իրենց բարձրագույն սովորելու հնարավորություն է տվել.«Ինքն էլ ուսման վարձի հարցը լուծելու է»։