Այսօր հունվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144 կմ հատվածում՝ Վայքի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, ճակատ ճակատի բախվել են Mitsubishi ու Reno, և Volvo ու ՎԱԶ 2102 մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները, ապա փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տեղում իրականացրել հերթապահություն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վայքի բաժնի պահպավող հատուկ տարածք: