Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) միջազգային ծրագրերի Եվրոպայի, Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ինգրիդ Վերստրաետենին եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան ներկայացուցիչ Ջաթինդեր Չիմային:

Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ ԱԻՆ եւ վերոնշյալ կառույցների միջեւ համագործակցության ուղղությունները:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արմեն Երիցյանը նշել է, որ չափազանց կարեւորում է համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության ոլորտում, որի զարգացման համար գլոբալ մոտեցում է անհրաժեշտ։ «Հայաստանը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում, եւ մեր դիտացանցը պիտի լինի լավագույնը։ Երկրաշարժեր այս տարածքում եղել են ու կլինեն, եւ մենք պիտի պատրաստ լինենք դրանց դիմակայել»,- ասել է նա:

Օտարերկրյա հյուրերը եւս հավաստել են փոխգործակցելու իրենց պատրաստակամությունը` կարեւորելով այն հանգամանքը, որ ՀՀ ԱԻՆ «ՍՊԱԾ» գործակալությունը ներգրավված է միջազգային սեյսմոլոգիական ցանցի մեջ եւ մեծ ներուժ ունի։  

Հանդիպման ավարտին Ինգրիդ Վերստրաետենը եւ Ջաթինդեր Չիման այցելել են նաեւ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն: