Թռչկանում շինաշխատանքների կասեցման մասին հայտարարությունը պարզապես ուշադրությունը շեղելու միջոց է: Այս մասին ասված  «Էկոլուր» հասարակական կազմակերպության եւ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության համատեղ հայտարարության մեջ:

«ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը եւ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հակված են ընդունելու Թռչկանի ջրվեժի մատույցներում ՀԷԿ կառուցող «Ռոբշին» ՍՊԸ-ի` աշխատանքների կասեցման եւ տեխնիկայի դուրսբերման մասին հայտարարությունը որպես ոչ այլ ինչ, քան հասարակության ուշադրությունը շեղելու միջոց:

Անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ ՍՊԸ-ի հայտարարությունները որեւէ իրավական ուժ չունեն այն պարագայում, երբ բնապահպանության նախարարի կողմից տրված ջրօգտագործման թույլտվությունը եւ բնապահպանական փորձաքննության դրական եզրակցությունը մնում են ուժի մեջ:

Այդ երկու փաստաթղթերն էլ անօրինական են, քանի որ Թռչկանի ջրվեժը ՀՀ կառավարության 2008թ. օգոստոսի 14-ի թիվ 967 որոշման համաձայն ներառված է բնության ջրագրական հուշարձանների ցանկում: Ավելին` «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը:

«ԷկոԼուր»-ն ու «Չենք լռելու»-ն հայտարարում են, որ Թռչկանի հաշվին փող աշխատել պատրաստվող «Ռոբշին» ՍՊԸ-ն ցանկացած պահի կարող է հրաժարվել իր, այսպես կոչված, «բարի կամքի դրսեւորումից»:

Այդ «բարի կամքին» ու կամայականություններին պետք է փոխարինելու գա օրենքը»,- ասված է համատեղ հայտարարության մեջ: