Նիդերլանդներում հայ ուսանողների «Գլաձոր» կազմակերպությունն իր 5-ամյակը նշել է Ուտրեխտ քաղաքի գեղեցիկ ձեւավորված հանդիսասրահներից մեկում: Յուրաքանչյուր անցնող տարում «Գլաձորն» իր հայկական հետքն է թողել հայ երիտասարդության հայեցի դաստիարակության ամրապնդման գործում, միեւնույն ժամանակ լինելով բարեկամության յուրովի խթանող կամուրջ Նիդեռլանդների ու Հայաստանի միջեւ, ապահովվելով կայուն հարաբերություներ եւ դրական վերաբերմունք: Ի դեպ գովելի է, որ հայ համայնքի պարտադիր բոլոր միջոցառումներին իր մասնակցություն է բերում Նիդեռլանդների թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, տիկին Ձյունիկ Աղաջանյանը, ով շատ քաջալերելի է, եւ լավ օրինակ մյուս երկրների հայ դեսպանների համար:

Բացման խոսքում դեսպանն ուսանողներին է փոխանցել սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջուն-ուղերձը, ապա նաեւ իր խոսքն ուղղել հայ ուսանողներին նրանց ցանկանալով հաջողություններ հայապահպանության, մշակութային, ուսման եւ այլ բնագավառներում:

Դենբոսի «Կոմիտաս» հայ համայնքի խորհրդի անդամ, պրոֆեսոր Մարտուն Էլբակյանը ուսանողներին հորդորել է իրենց մասնագիտական որակավորման բարձրացմանը զուգահեռ մեծ ուշադրություն դարձնեն հայոց լեզվի իմացությանը, համայնքի միջոցարումներին օգտագործեն մայրենի լեզուն:

Ելույթներն ուղեկցվել են ուսանողների ուժերով պատրաստված համերգային համարներով, մասնավորապես հոլանդացի ջութակահար, ուսանող Դանիել Հուրթադոյի եւ դաշնակահար Անահիտ Խաչերեսյանի համատեղ ուժերով, հնչել են Կոմիտասի ստեղծագործություններից: Ելույթ են ունեցել «Կարոտ» պարային համույթը: