Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 1-ին, հաստատել է իր պաշտոնանկության մասին լուրը։

«Ինձ նոր են զանգահարել, գիտեմ որ այդ փոփոխությունը լինում ա», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Ալիկ Սարգսյանը՝ հավելելով, թե իր համար անսպասելի ոչինչ չկա․ «Ի՞նչ է եղել։ Շատ նորմալ երեւույթ է։ Հավերժական ոչինչ չկա։ Ես շարունակելու եմ ծառայել երկրին, երկրի ղեկավարին, մեր ժողովրդին։ Իմ կյանքում ոչ մի բան չի փոխվելու»:

Հարցին, թե ինչո՞վ եք բացատրում պաշտոնից ազատվելը, գուցե վատ աշխատանքո՞վ, Ալիկ Սարգսյանը պատասխանել է, թե նման բան չի կարող լինել․ «Որովհետեւ իմ ցուցանիշները շատ լավ են, օպերատիվ իրադրությունը վերահսկվում է, հասարակական կարգի խախտում չունեմ, որեւիցէ հարց ոստիկանության բացի հետ կապված այս պահին չունեմ»:

Ոստիկանապետը նաեւ վստահություն է հայտնել, որ իրեն փոխարինողն էլ «պատահական մարդ» չէ։

«Պրոֆեսիոնալ ա, նորմալ ա, որեւիցէ խնդիր չկա», - ասել է Ալիկ Սարգսյանը, նշելով, որ խոսքը պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի մասին է:

Ալիկ Սարգսյանը դեռեւս տեղյակ չէ, թե իրեն ինչ նոր պաշտոնի են տեղափոխում, թեեւ մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ նա կարող է նշանակվել նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում։ Ոստիկանապետը նշել է,  որ այժմ գնում է նախագահ Սերժ Սարգսյանի մոտ եւ ամեն ինչ պարզ կլինի մեկ ժամից։

«Ինչ էլ առաջարկի հանրապետության նախագահը՝ ես քննարկելու ոչինչ չունեմ, առանձնապես պաշտոններ չեմ սպասում։ Նախագահը ոնց որոշի՝ պատրաստ եմ ծառայել, էդ իմ կոչումն ա, ես ուրիշ կոչում այս պահին չունեմ», - եզրափակել է Ալիկ Սարգսյանը: