Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) ուսանողական խորհուրդը 2011-2012 ուսումնական տարում կհրատարակեն «Languageholic» ուսանողական գիտական ամսագիրը։ Պարբերականի տպագրման աշխատանքներին կաջակցի բուհի անգլերենի հաղորդակցման ամբիոնը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ գիտական ամսագրի տպագրումը կխթանի ուսանողների ստեղծագործական միտքը, հնարավորություն կտա կրթության, լեզվի եւ լեզվաբանության վերաբերյալ իրենց մտքերն ու կարծիքներն արտահայտել, ձեռք բերել նոր ինֆորմացիա եւ գիտելիք: Ամսագրի տպագրման նպատակն է կրթել, տեղեկացնել եւ հետաքրքրել ուսանողությանն իրենց մասնագիտական ասպարեզում: Հրատարակման աշխատանքներում կներգրավվեն ինչպես ԵՊԼՀ-ի ուսանողներ, այնպես էլ՝ դասախոսներ:
Ամսագրում կարծարծվեն լեզվաբանությանը, անգլերեն լեզվին եւ գրականությանն առնչվող թեմաներ, որոնք արդիական են եւ օգտակար օտար լեզուներ ուսումնասիրող ուսանողների համար: Պարբերականը մեծ դեր կունենա բուհի գիտաուսումնական գործընթացում. այստեղ իրենց սեփական հետազոտությունները կհրապարակեն գիտության ոլորտում առաջին քայլերն անող ուսանողները։




























