Երեւանում, այսօր` նոյեմբերի 1-ին, մեկնարկել են փաստաբանների եւ դատավորների համար նախատեսված երկու սեմինարները, որոնց նպատակը արտահայտվելու ազատության առավել բարձր պաշտպանություն խթանելն է:
Սեմինարը կազմակերպել է «Իրավունքի Եվրոպա միավորումը» (ԻԵՄ)՝ ԵԱՀԿ-ի Երեւանի գրասենյակի, ԵԱՀԿ-ի լրատվամիջոցների ազատության հարցերի ներկայացուցչի, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան եւ Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն, CEELI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչության օժանդակությամբ:
Սեմինարներն անցկացվում են «Doughty Street Chambers» ընկերության անդամ, թագավորական խորհրդական Գեւին Միլլերի եւ խոսքի ազատության ոլորտում հայտնի միջազգային «ARTICLE 19» կազմակերպության ավագ իրավաբան Բոյկո Բոեւի կողմից՝ ԻԵՄ-ի իրավաբանների թիմի հետ համատեղ: Քննարկումները կենտրոնանալու են այնպիսի թեմաների վրա, ինչպիսիք են զրպարտությունն ու վիրավորանքը, անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, դատավարությունների լուսաբանումը եւ արտահայտվելու ազատությունն ընտրությունների համատեքստում:
Սեմինարներն անցկացվում են ի պատասխան հայաստանյան լրատվամիջոցների եւ լրագրողների դեմ հարուցվող գործերի աճի: Դրանց նպատակն է բարձրացնել հայաստանյան փաստաբանների եւ դատավորների իրազեկությունն արտահայտվելու ազատության իրավունքին վերաբերող միջազգային չափանիշների ոլորտում, ինչը թույլ կտա հասնել այդ իրավունքի առավել բարձր պաշտպանության:
Սեմինարին Գեւին Միլլերը նշել է. «Հանրային իրավաչափ քննարկումների առարկա հանդիսացող հարցերին վերաբերող տեղեկությունների եւ գաղափարների ազատ հոսքի սահմանափակման ցանկացած փորձ պետք է մանրազնին քննության արժանանա դատարանների կողմից: Խոսքի նկատմամբ միջամտությունը թույլատրելի է, երբ համոզիչ կերպով հաստատվել է այդ անելու հրատապ հասարակական կարիքը: Բոլոր տեսակի պատժամիջոցները պետք է լինեն համաչափ: Խիստ կարեւոր է, որ իրավաբաններն ու դատավորները լիարժեքորեն հասկանան այս կարեւոր սկզբունքները: Հուսով եմ, որ բոլոր մասնակիցները կկարողանան այս ամենը գործնականում կիրառել հայաստանյան դատարաններում»:
«Իրավունքի Եվրոպա միավորման» նախագահ Լուսինե Հակոբյանը նշել է. «Բոլոր իրավունքները համընդհանուր, անբաժանելի, փոխկախյալ եւ փոխկապակցված են, սակայն արտահայտվելու ազատությունը ժողովրդավարական հենասյունն է: Այդ պատճառով այն միշտ մնալու է մեր կազմակերպության առաքելության եւ գործունեության կենտրոնում»:
Սեմինարը ԻԵՄ-ի երրորդ կարեւորագույն միջոցառումն է՝ ուղղված Հայաստանում արտահայտվելու ազատության պաշտպանության մակարդակի բարձրացմանը: Այս սեմինարից առաջ նմանատիպ մի սեմինար էլ կազմակերպվել էր լրագրողների համար: Բացի այդ, ԻԵՄ-ը վերջերս ներկայացրել էր իր կայքը (www.ela.am), որն իրենից օգտակար շտեմարան է ներկայացնում արտահայտվելու ազատության իրավունքի վերաբերյալ՝ ներառելով մի շարք նյութեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ավելի քան 60 նախադեպերի սեղմագրերը հայերեն:




























