Տեղական ինքնակառավարման մարմինների 15-ամյակի շրջանակում, այսօր` նոյեմբերի 1-ին,Երեւանում աշխատանքներն է սկսել «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում. ձեռքբերումներ, հիմնախնդիրներ, հեռանկարներ» թեմայով երկօրյա գիտաժողովը: Գիտաժողովի նպատակն է անդրադաrնալ ՏԻՄ-երի անցած ճանապարհին, ձեռքբերումներին եւ բացթողումներին:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդանշական է համարել այն, որ գիտաժողովն անցկացվում է Հայաստանի անկախության 20-ամյակին եւ Տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծման 15-ամյա հոբելյանին զուգահեռ: «Այսօր մենք փորձում ենք գտնել տեղական ինքնակառավարման այն ճիշտ մոդելը, որը մի կողմից կհամապատասխանի ողջ աշխարհում ներկայումս ընթացող զարգացումներին, մյուս կողմից լուրջ հիմքեր կստեղծի՝ ՏԻՄ-երի  գործառույթների լիարժեք իրականացման համար»,- ասել է վարչապետը:

Ծանոթանալով գիտաժողովի նյութերին՝ Տ. Սարգսյանն արձանագրել է, որ անցած տարիների ընթացքում այս ոլորտում կատարվել են մեծածավալ աշխատանքներ՝ մշակվել է ՏԻՄ-երի լիարժեք անկախությունն ապահովող ռազմավարաությունը, ընդունվել են բազմաթիվ օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, նորմատիվային փաստաթղթեր, որոնցով էլ կանոնակարգվում են տեղական ինքնակառավարման մարմինների կայացմանն ուղղված գործառույթները: Կարեւորելով ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող միջազգային փորձի ուսումնասիրումը՝  Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ բազմաթիվ պետական գործառույթներ, որոնք առնչվում են քաղաքացիների կենցաղին ու այլ խնդիրներին, աստիճանաբար կտրամադրվեն տեղական ինքնակառավարման մարմիններին, որպեսզի նրանց մատուցվող ծառայությունները դառնան ավելի որակյալ, պարզ եւ հասանելի: «Մենք մի կողմից պետք է ավելացնենք ՏԻՄ-երի կարողությունները, մյուս կողմից նրանց տրամադրենք լրացուցիչ հնարավորություններ՝ իրենց լիազորությունները բարձր մակարդակով իրականացնելու համար»,- նշել է վարչապետը՝  հույս հայտնելով, որ գիտաժողովի մասնակիցները կկարողանան բացահայտել նոր ուղիներ՝ ՏԻՄ-երի հետագա զարգացումն ապահովելու համար: