Նախորդ տարի Հայաստանի ԱԳ նախարարի Էդվարդ Նալբանդյանի Հնդկաստան կատարած պաշտոնական այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն ի կատար են ածվում: Այս մասին նշվել է այսօր` նոյեմբերի 1-ին, Երեւանում, Էդվարդ Նալբանդյանի եւ Հնդկաստանի Արեւելքի հարցերով քարտուղար Սանջայ Սինգհի հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել վերջին շրջանում հայ-հնդկական հարաբերություններում նկատվող ակնհայտ աշխուժացումը՝ ընդգծելով, որ դա երկու կողմից ցուցաբերվող հետեւողականության արդյունք է։
Սանջայ Սինգհն ընդգծել է, որ Հնդկաստանում առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում Հայաստանին ու հայ ժողովրդին եւ երկրի իշխանությունները նպատակադրված են ընդլայնել Հայաստանի հետ բարեկամական գործընկերությունն ու համագործակցությունը։
Էդվարդ Նալբանդյանն ու Սանջայ Սինգհը քննարկել են հոկտեմբերի 31-ին կայացած տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի եւ այսօր տեղի ունեցած երկու երկրների ԱԳՆ-երի միջեւ խորհրդատվությունների արդյունքները:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկկողմ քաղաքական, տնտեսական, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակութային եւ առողջապահության բնագավառներում համագործակցության ընդլայնմանն ուղղված ծրագրերին եւ այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին` մասնավորապես համապատասխան գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, գործարար շրջանակների միջեւ շփումների ակտիվացման ինչպես նաեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման միջոցով:




























