Հայաստանում «թանգարանային ոլորտ» հասկացության սահմանման անհրաժեշտություն է առաջացել։ Խոսքը թանգարանների տեսակների, դրանց գործառույթների, ինչպես նաև պետական թանգարաններում ժամանակավոր պահպանման, թանգարանային ֆոնդերի համապատասխան պարագաներով համալրման, հաշվապահական հաշվառման և քարոզչության սկզբունքի, թանգարանների և հավաքածուների աջակցության ձևերի մասին է։ Այս մասին Ազգային ժողովում «Թանգարանների մասին» օրինագծերի փաթեթի և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ այս օրենսդրական փաթեթի մշակումը պայմանավորված է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի, ինչպես նաև Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում գործող միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ։
Ալֆրեդ Քոչարյանն ընդգծեց, որ նոր օրենսդրությունը համակարգված գործունեություն կապահովի մշակութային ժառանգության պահպանման ու պաշտպանության համար, ինչպես նաև մշակույթի ոլորտում նոր տնտեսական մեխանիզմներ կստեղծի։
«Առաջարկվող նորմերի ընդունման արդյունքների հիման վրա կհստակեցվեն իրավասու պետական մարմնի լիազորությունները, Հայաստանի Հանրապետության ազգային թանգարանի հավաքածուի կազմը, թանգարանային ցուցանմուշների և հավաքածուների անվտանգության պայմանները, դրանց ժամանակավոր հեռացումը»,- նշել է նա։





























