Առողջապահության նախարարության պաշտոնական լրատվամիջոցը` «Առողջապահություն» հանդեսը 55 տարեկան է: Այսօր` նոյեմբերի 1-ին, տեղի ունեցավ հանդեսի 55-ամյակի եւ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված համարի շնորհանդեսը, որին ներկա էին Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, հիվանդանոցների ղեկավարներ, բժիշկներ եւ ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Հարություն Քուշկյանը լրագրողների հետ զրույցում նախեւառաջ շնորհավորեց հանդեսի անձնակազմին` հոբելյանի կապակցությամբ: Նրա խոսքով` հանդեսը ուղղված է եւ բուժաշխատողներին, եւ ընթեևրցողների լայն շրջանակներին: «Առողջապահություն նախարարությունը ապահովելու է հանդեսի առավելագույն զարգացումը, որովհետեւ կա պահանջարկ, եւ տարեցտարի ավելանում է հանդեսի տպաքանակը»,- նշեց նախարարը:

Նշենք, որ «Առողջապահության» առաջին համարը լույս է տեսել 1956թ: Ժամանակին հանդեսը ունեցել է 100.000 տպաքանակ: Հոբելյանական այս համարում ներկայացված են առողջապահության բնագավառում մեծ վաստակ ունեցող գործիչների հետ հարցազրույցներ: