Լոռիի մարզի փրկարարական վարչությունն ամփոփելով  2011 թվականի 9 ամիսների ընթացում  իր կողմից կատարած աշխատանքների որակը, արձանագրվել է, որ փրկարարական ջոկատներից մի քանիսը բարեկարգման կարիք ունեն:

Մարզի փրկարարական վարչությանը  ենթակա ստորաբաժանումներում տարվել են աշխատանքներ տեխնիկան մշտական մարտական վիճակի պահելու եւ շահագործելու ուղղությամբ: Այս պահի դրությամբ, վարչության ստորաբաժանումներում առկա է փրկարարական ջոկատի 2 մեքենա եւ 17 հրշեջ մեքենա: Փրկարարական վարչությունում նշում են, որ թեեւ այս պահին անսարք հրշեջ մեքենա չունեն, սակայն գրեթե բոլոր դեպքերից հետո հրշեջ մեքենաները վերանորոգելու անհրաժեշտություն է առաջանում՝ մեքենաների մաշվածության եւ վատ ճանապարների պատճառով:

Այս տարի արդեն վերանորոգվել են  Սպիտակի Հրշեջ փրկարարական ջոկատի մեքենաներն ամբողջությամբ,  Ստեփանավանի, Տաշիրի, Գուգարքի, Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատների մեքենաները` մասամբ, ինչպես նաեւ Օձունի հենակետը:

Վարչության տրամադրած տվյալների համաձայն, վերը նշվածներից թեպետ մասամբ բարեկարգվել են Ստեփանավանի եւ Օձունի հենակետային տարածքները, սակայն չեն լուծվել  այս շինությունների կադաստրային ձեւակերպումները, ինչպես նաեւ Տաշիրի ՀՓՋ-ի ջրամատակարարման եւ գազամատակարարման հարցերը: Այս կատարված աշխատանքներից բացի, կապիտալ վերանորոգման կարիք ունեն նաեւ Վանաձորի թիվ 2, Տաշիրի հրշեջ փրկարարական ջոկատի եւ ՔՊ պահեստների տանիքները: