Իտալիայի Ասիզի քաղաքում, հոկտեմբեր 31-ից նոյեմբերի 2-ը տեղի է ունեցել «Բնապահպանությունն ու կրոնները» միջազգային-միջկրոնական կազմակերպության «Կանաչ Ուխտատեղիների ցանց» կազմակերպության հանդիպումը` Անգլիայի արքայազն Ֆիլիպի հովանավորությամբ:
Հանդիպմանը մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից եկած քրիստոնյա, մահմեդական, հրեական, հինդուական, բուդիստական, դաոիստական, շինտուական համայնքների ներկայացուցիչներ:
Հավաքը, որը տոնախմբումն էր բնության եւ շրջակա միջավայրի պահպանության նպատակով 1986 թ Ասիզիում տեղի ունեցած աշխարհի խոշորագույն հինգ կրոնների առաջնորդների առաջին հանդիպման հոբելյանի` նպատակ էր հետապնդում խթանել Կանաչ ուխտագնացությունը, նոր ուղիներ փնտրել եւ կապեր հաստատել համատեղ ծրագրերի:
Միջոցառումները սկսվել են հոկտեմբեր 31-ին Սուրբ Ֆրանցիսկ Ասիսացու սրբատեղի տաճարի մոտից սկսված թաբորով եւ միջկրոնական աղոթքի արարողությամբ, նոյեմբերի 1-ին եւ 2-ին հավաքի մասնակիցները լսել են բանախոսություններ «Կանաչ ուխտատեղի» թեմայով, ներկայացվել են ծրագրեր ու այս ուղղությամբ կատարվող աշխատանքներ: Որպես Կանաչ ուխտատեղի ծրագրերի ու միջոցառումների մասնակիցներն արժանացան կազմակերպության հատուկ վկայականի` ձեռամբ Քենթի իշխանուհու:
Միջոցառումներին Հայ եկեղեցուց եւ Էջմիածնի քաղաքապետարանից մասնակցել են Մայր աթոռ սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպս Մանուկյանը, Կլոր Սեղան բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտ. Կարեն Նազարյանը եւ Էջմիածնի քաղաքապետարանի արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Սամվել Մադոյանը, որոնք մասնակիցներին ներկայացրել են «Էջմիածինը որպես կանաչ ուխտատեղի» համալիր ծրագիրը:




























