Ronesans Holding թուրքական շինարարական հոլդինգը հայտարարել է, որ դադարեցրել է գործունեությունը Ռուսաստանում։

Վերջին երկու տարում հոլդինգը վաճառել է իր տարածաշրջանային բիզնեսը եւ ներդրումները վերուղղորդել աշխարհի այլ տարածաշրջաններ, նշվել է ընկերության հայտարարությունում։

Ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ 2022թ. մայիսին Ronesans հոլդինգը վաճառել է իր շինարարական բիզնեսը Ռուսաստանում, 2023թ. հունիսին՝ անշարժ գույքի ոլորտի բիզնեսը։

«Խմբի գլոբալ ներկայությունն այժմ տարածվում է տարբեր շրջաններում, ներառյալ Թուրքիան եւ Նիդեռլանդները, Գերմանիան եւ ԱՊՀ երկրները՝ Ղազախստանի եւ Թուրքմենստանի աճող շեշտադրմամբ»,- նշվել է հայտարարությունում։

Ընկերությունում նաեւ նշել են, որ Ռուսաստանից հեռանալուց հետո նախատեսվում է դուրս գալ նոր շուկաներ եւ ընդլայնել գլոբալ ներկայությունը։

Ronesans Holding-ը զբաղվում է տարբեր օբյեկտների շինարարությամբ՝ բնակարաններից մինչեւ էներգետիկայի եւ հիվանդանոցների կառուցում։ Թուրքիայից բացի՝ այն աշխատում է ԱՊՀ, Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներում։ Ռուսաստանում հոլդինգն աշխատել է 1993-ից, իրականացրել մի շարք խոշոր նախագծեր, մասնավորապես՝ Ուղիղ ներդրումների ռուսական ֆոնդի հետ գործընկերությամբ, գրել է «Կոմերսանտը»։