Շիրակի մարզի ընդհանուր ընդհանուր իրավասության դատարանում հանգուցալուծվում է Արցախյան հերոսամարտի մասնակից, Գյումրիի ՀԱԿ գրասենյակի ներկայացուցիչ Ժորա Աթոյանի գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ ազատամարտիկը մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու եւ պետությունից խոշոր չափի մինչեւ 8 միլիոն դրամ գումար շորթելու մեջ, որն ստացել է որպես պատերազմի դաշտում վիրավոր:
Գործին առնչվող բոլոր վկաները հարցաքննվել են: Գործով վկա Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոցի նյարդաբան Սեդրակ Հովհանիսյանը դատարանին պատմել է, որ ինքը ամբաստանյալ Ժորա Աթոյանի բուժող բժիշկը չէ, նրան հիվանդ ժամանակ չի տեսել, օգնություն չի ցուցաբերել, այլ միայն ծանոթ է հիվանդության պատմությանը եւ նյարդաբանին նախաքննական մարմիններն են ընդգրկել վկաների ցանկում: Իսկ գործով վերջին վկա Թադեոս Գեորգյանի նկատմամբ դատարանը կայացրել է բերման որոշում, սակայն նշված հասցեում նման անձնավորության ոստիկանության աշխատակիցները չեն գտել, դատարան ներկայացված գրավոր տեղեկանքի համաձայն հիշյալ հասցեում նման մարդ չկա:
Պաշտպանական կողմը հրաժարվեց լսել նախաքննական ցուցմունքը, քանի որ Թադեոս Գեորգյանը, ըստ էության, հանդիսանում է սույն գործով հիմնական վկաներից մեկը, ով նախաքննական ցուցմունքում գրել է, որ ինքը Ժորա Աթոյանի հետ է եղել կռվի դաշտում եւ նրա վիրավորվելու մասին լուրերը մտացածին են:
«Ես չեմ կարծում, որ նման մարդ կա, այդ մարդը շինծու է, սարքած վկա է, նման մարդ գոյություն չունի, ոչ մի ազատամարտիկ չի ճանաչում նրան»,-դատարանում հայտարարել է ամբաստանյալ ազատամարտիկը:
Դատական նիստը հետաձգվել է, մինչեւ կպարզվի թե ով է հիշյալ անձնավորությունը, որտեղ է բնակվում եւ ինչու նա ներկայացել է նախաքննական մարմիններին, բայց դատարան չի ներկայանում: Իսկ ընդհանրապես ըստ դատարանում ներկա ազատամարտիկների` հիշյալ գործը ունի նաեւ կողմեր, որոնք չեն երեւում: Նիստին ներկա ազատամարտիկների խոսքով՝ բոլորովին էլ պատահական չէ այն, որ ոչ թե մեկ կամ երկու այլ երեք տասնյակից ավելի մարդկանց նկատմամբ է նման մեղադրանք առաջադրվել` փաստաթղթեր կեղծելու եւ գումարներ շորթելու մասին: «Դա եղավ, երբ կազմավորվեց Ազատամարտի վետերանների միությունը (ԱՎՄ), այդ ժամանակ բոլոր խուլիգանները դառան ազատամարտիկ ու մեր զոհված ընկերների արյամբ սկսվեց խարդախ գործարքը»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի 4-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Ավետիք Մելքոնյանը:
«Գյումրի» գումարտակի ազատամարտիկ Անուշավան Հովհաննիսյանի խոսքով` կեղծ փաստաթղթեր սարքելու եւ փաստաթղթերով ազատամարտիկ դառնալու ժամանակը 2000-ական թվականներն էին: «Քեռի, հարեւան, բարեկամ, բոլորը դարձան ազատամարտիկ, կեղծ կնիքներով…Պատճառը ԱՎՄ-ն էր, Քոչարյանի փչած փուչիկը եւ այսպիսով`ազատամարտիկների թիվն այդ ժամանակ մի քանի հազարով աճեց, բազմացավ»,-ասաց Աուշավան Հովհաննիսյանը:
Ըստ ազատամարտիկների` կեղծ փաստաթղթեր «սարքելու» գործընթացը չէր կարող լինել առանց պետական հովանավորության, «սույն գործում կան ավելի մեծ տրամաչափի պատասխանատուներ, սակայն նրանք չեն հայտնվում դատարանի առաջ»,-ասացին նրանք:
Ամբաստանյալի շահերի պաշտպան Աննա Դավթյանի համոզմամբ`«Ցուցմունք տալու համար դատակոչվում են մարդիկ, ովքեր գործի հետ ընդհանրապես կապ չունեն: Օրինակ Սամարիթերի բժիշկն ի՞նչ կապ ունի այս գործի հետ, առհասարակ, ոչ մի: Իսկ, օրինակ, ռազմական հանձնաժողովի բժիշկը, ով կնիք է խփել, թոշակավորման համար, չի դատակոչվում»,-ասել է Աննա Դավթյանը:
Ըստ նրա, եթե պարզվի անգամ , որ թույլ է տրվել սիմուլյանտություն, կամ փաստաթղթեր են կեղծվել, «դա չէր կարող արած լինել միայն ժորա Աթոյանը, պատասխանատվության առաջ պիտի կանգնեն նաեւ մարդիկ, ովքեր կեղծ գործարքի մյուս հիմնական կողմերն են հանդիսանում, ովքեր հովանավորել ու կնիք են խփել»,-հայտարարել է Աննա Դավթյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ գրասենյակի ներակայացուցիչ Ժորա Աթոյանի հավաստմամբ` իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, որի պատճառն այն է, որ ինքը ՀԱԿ-ի համախոհ է:




























