Հայաստանի եւ Ավստրիայի կառավարություններն համաձայնության են եկել ու ընդունվել է համապատասխան որոշում մինչ այս տարեվերջ Ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունքը վերագործարկել որպես ծննդաբերական բլոկ: Այս նորությունից հետո կոնֆլիկտ է առաջ եկել երկու հիվանդանոցների միջեւ:
Գյումրիի Մոր ու մանկան կենտրոնի աշխատակիցները կարծում են, որ նոր ծննդատան անհրաժեշտություն քաղաքը չունի, եւ եղած մեկն էլ լրիվ բավարարում է, իսկ Մանկական հիվանդանոցի տնօրենի կարծիքով` անիմաստ է հրաժարվել ավստրիական կողմի բարեգործությունից:
«Այս ծրագրի իրագործման համար Ավստրիայի կառավարությունը մեծ չափի ներդրումներ է իրականացնում, Ավստրիայից համապատասխան մասնագետներ են գործուղվելու Գյումրի, նոր ժամանակակից սարքավորումներ են տրամադրվելու հիվանդանոցին: Իսկ մենք կանգնենք, ասենք` պետք չէ՞»,-դժգոհել է Գյումրիի մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը: Այնինչ Գյումրիի ծննդատանը կարծում են, որ նոր բաժանմունքի գործունեությունը վատ կանդրադառնա Մոր ու մանկան կենտրոնի աշխատանքի վրա:
«Կառույցը ֆինանսավորվում է ծննդօգնության ծրագրով ու մեկ այլ հիվանդանոցում նոր բաժանմունքի գործարկումն ինքնըստինքյան կնվազեցնի ծննդատանը գրանցվող ծնունդների թիվը, արդյունքում կպակասի աշխատավարձային ֆոնդը: Բացառված չէ, որ այս փոփոխությունների արդյունքում ինչպես բուժքույրեր, այնպես էլ բժիշկներ աշխատանք կորցնեն»,-հավաստել է Գյումրիի ծննդատան տնօրեն Արմեն Իսահակյանը: Ըստ նրա` եթե հետագայում էլ բուժհիմնարկը շարունակի աշխատել նույն բուժանձնակազմով, ապա դա կնշանակի, որ մանկաբարձ-գինեկոլոգն ամսական միջինը 70 հազար, իսկ բուժքույրը` 20 հազար դրամ աշխատավարձ ստանան, արդյունքում դարձյալ կադրերի ջարդ կսկսվի:
NEWS am-ի թղթակցի հետ զրույցում, Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության մասնագետները նշեցին, որ աշխատում են այն ուղղությամբ, որ ծրագրի իրագործման արդյունքում շատ մասնագետներ աշխատանք չկորցնեն, իսկ ծննդաբերական նոր բաժանմունքի բացումը պայմանավորել են այն հանգամանքով, թե փորձում են հիվանդանոցների միջեւ առողջ մրցակցություն ձեւավորել:




























