Լոռիի մարզի մարզկենտրոն Վանաձորում, աղբահանությունն ու սանիտարական մաքրումը կատարվում է ամեն օր, առանձին թաղամասերի ու շենքերի համար` 3 օրը մեկ հաճախականությամբ, իսկ սեփական տարածքներում` շաբաթական 2 անգամ: Ըստ Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանի, սա ոչ գերազանց, ոչ էլ վատ ցուցանիշ է, ու առհասարակ, քաղաքում սանիտարական մաքրումն ու աղբահանությունը կատարվում է կանոնավոր կերպով, առանց առանձնակի ուշացումների ու թերացումների:

«Մեր քաղաքում աղբահանությունն էդքան էլ վատ վիճակում չէ, նորմալ անում ենք մեր գործը, այս տարի արդեն 48-ով ավելացրել ենք քաղաքի տարբեր հատվածներում դրված աղբամանների թիվը, սպասվում է, որ հաջորդ տարի, էլի ավելացնելու ենք»,-իր խոսքում ասաց Լյովա Մելիքյանը: Նա նաեւ անդրադարձավ թաղամասերում բնակիչների կողմից կուտակվող շինարարական աղբին, ասելով, որ դրանց կուտակումների համար իրենք պատասխանատու չեն: «Որ այդ մարդիկ չեն ուզում իրենց տարածքը մաքուր տեսնել, ո՞վ է մեղավոր»,-շեշտեց Լյովա Մելիքյանը:

Վանաձորում, մեծ խնդիր են ներկայացնում նաեւ առանց կափարիչների դիտահորերրը, որոնք մեծ թիվ են կազմում քաղաքում ու վտանգավոր են քաղաքացիների համար, մանավանդ գիշերները, երբ չի երեւում դիտահորերի բաց լինելը: Այս հարցի շուրջ եւս պարզաբանումներ ստացանք կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետից, ով հավաստիացրեց, որ այդ հարցը քննարկման փուլում է, ու առաջիկայում բոլոր փողոցների բաց դիտահորերը կփակվեն, այլեւս խոչընդոտ չհանդիսանալով մարդկանց երթեւեկության համար: