Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասում կիրակի օրը մարդատար մեքենան բախվել է բեռնատար գնացքին, կան զոհեր և վիրավորներ, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Ռուսական երկաթուղիների մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել Սվետլոգրադ և Մոկրայա Բույվոլա կայարանների միջև։
Կայարանների միջև ընկած հատվածում մարդատար մեքենայի վարորդը դուրս է եկել կարգավորվող երկաթուղային անցում և հայտնվել մոտեցող բեռնատար գնացքի դիմաց: Գնացքի մեքենավարը արտակարգ արգելակ է կիրառել, սակայն հեռավորությունը անբավարար է եղել, և բախումից խուսափել չի հաջողվել։
Նախնական տվյալներով, վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել։
Ինչպես «Интерфакс»-ին հայտնել են ԱԻՆ տարածաշրջանային մամուլի ծառայությունից, տուժածները մեկ ընտանիքից են, բոլոր զոհվածները երեխաներ են։ Նրանց ծնողները վերակենդանացման բաժանմունքում են։
Վթարը չի ազդել մյուս գնացքների շարժման վրա։





























