Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) խուզարկություններ է կատարել «Ռոսավիացիայում»՝ ռուսական իրավադատությունից 59 քաղաքացիական ինքնաթիռների եւ ուղղաթիռների անօրինական դուրսբերման քրեական գործերով։
«Իզվեստիայի» աղբյուրների տվյալներով՝ խուզարկությունները կատարվել են «Ռոսավիացիայի» կենտրոնական գրասենյակում (Մոսկվա, Լենինգրադյան պողոտա) փետրվարի 7-ին։
Խուզարկությունները կատարվել են «Ռոսավիացիայի» մի քանի աշխատակիցների դեմ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ անփութության մասին քրեական գործերի շրջանակում։ Նրանց կասկածում են ռուսական իրավադատությունից 59 քաղաքացիական ինքնաթիռների եւ ուղղաթիռների անօրինական դուրսբերման մեջ։ Դրանց մի մասը հայտնվել է ոչ բարեկամական երկրներում եւ օգտագործվել Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար։
ԱԴԾ եւ ՆԳՆ աշխատակիցները առգրավել են փաստաթղթեր թռիչքների անվտանգության գծով տեսչության վարչության պետի պաշտոնակատար Կրիստինա Բիվալինայի եւ քաղաքացիական օդանավերի պետական գրանցման բաժնի պետի տեղակալ Պյոտր Կոզիրյովի աշխատասենյակներում։
Միջոցառումների ընթացքում առգրավվել են իրեր եւ փաստաթղթեր, որոնք հաստատում են «Ռոսավիացիայի» աշխատակիցների գործողությունների անօրինականությունը։
Անփութության քրեական գործ է հարուցվել Կոզիրյովի, Բիվալինայի եւ նրա նախկին տեղակալ Աննա Ժիլցովայի դեմ, որին ազատել էին գործակալությունից 2023թ. հունիսին։ Բիվալինան անցնում է նաեւ պաշտոնեական դիրքի չարաշահման քրեական գործով։
Քրեական գործերի հարուցման պատճառ է հանդիսացել «Ռոսավիացիայի» գործունեության ստուգումը քաղաքացիական օդանավերի պետական գրանցման եւ 2023թ. հուլիսին տրանսպորտի նախարարության իրականացրած ռեեստրի վարման մասով։ Պարզվել է, որ հատուկ գործողության սկսվելուց հետո գործակալության աշխատակիցները գրանցումից հանել են ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ՝ խախտելով նախագահի հրամանագրերը եւ կառավարական որոշումները։
Մասնավորապես «Ռոսավիացիայի» աշխատակիցները պետական ռեսսետրից հանել են քաղաքացիական օդանավեր առանց փաստաթղթավորման, հակասական եւ ոչ ստույգ տեղեկություն տրամադրել Ռուսաստանի սահմաններից դուրս օդանավերի գտնվելու մասին, ինչպես նաեւ այլ գերատեսչություններից թույլատրող փաստաթղթեր են պահանջել։
2022թ. մարտ-2023թ. հունիս շրջանում (երբ «Ռոսավիացիան» գլխավորում էր Ալեքսանդր Ներադկոն) ռուսական իրավադատությունից անօրինական ճանապարհով դուրս են բերվել 59 քաղաքացիական ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ։ Դրանցից 36-ը վաճառվել է արտասահմանում։ 21 օդանավ ձեռք են բերել ԵԱՏՄ-ի մեջ չմտնող ռեզիդենտ պետություններ, ութը վաճառվել է ոչ բարեկամական երկրների։





























