Ալեքսեյ Նավալնու մորը եւ փաստաբաններին փետրվարի 19-ին չեն թողել մտնել Սալեխարդի դիահերձարան, որտեղ, ենթադրաբար, գաղութից տեղափոխվել է նրա մարմինը։
«Վաղ առավոտյան Նավալնու մայրը եւ փաստաբանները եկել են դիահերձարան։ Նրանց ներս չեն թողնում։ Փաստաբաններից մեկին տառացիորեն դուրս քշեցին։ Հարցին, թե այնտեղ է արդյոք Ալեքսեյի մարմինը, աշխատակիցները չեն պատասխանում»,- տեղեկացրել է Նավալնու մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։
ՔԿ-ում Նավալնու մորը եւ փաստաբաններին ասել են, որ քաղաքական գործչի մահվան հանգամանքների ստուգումը երկարացվել է։ «Մահվան պատճառը նախկինի պես պարզված չէ»,- գրել է Յարմիշը X սոցցանցում։ «Նրանք ստում են, ժամանակ ձգում եւ անգամ չեն թաքցնում դա»։
Փետրվարի 16-ին Պատիժների կրման դաշնային ծառայությունը հայտարարել էր, որ Ալեքսեյ Նավալնին մահացել է Խարպ գյուղի գաղութում (Յամալո-Նենեցյան օկրուգ)։ Փետրվարի 17-ին Նավալնու մայրը գնացել է գաղութ, բայց նրան ասել են, որ քաղաքական գործչի մարմինը Սալեխարդի դիահերձարանում է։ Այն փակ էր, իսկ հեռախոսով մորն ու փաստաբաններին ասել են, որ մարմինն այնտեղ չէ։
«Մեդիազոնան» փետրվարի 18-ին տեղեկացրել էր, որ հաջողվել է հետեւել Պատիժների կրման դաշնային ծառայության շարասյանը, որը փետրվարի 17-ի գիշերը դուրս է եկել Լաբիտնանգի քաղաքից (գաղութի մոտ) դեպի Սալեխարդ։ Լրագրողները ենթադրում են, որ այդ շարասյունը կարող էր տեղափոխել Նավալնու մարմինը։
Մոտ երկու օրվա ընթացքում ավելի քան 46 հազար մարդ «ОВД-Инфо» իրավապաշտպան նախագծի «Դյատել» սերվիսի միջոցով դիմումներ է ուղարկել ՌԴ ՔԿ՝ պահանջելով հանձնել Ալեքսեյ Նավալնու մարմինն ընտանիքին։





























