Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը կոչ է արել կառավարությանը բռնագրավել ռուսաստանյան օլիգարխներին պատկանող լոնդոնյան անշարժ գույքը և վաճառել դրանք՝ 4000 տուն ֆինանսավորելու համար, գրում է LBS-ը։
Ակտիվների վաճառքը, որն, ըստ քաղաքապետի, կարժենա 1,1 միլիարդ ֆունտ, կարող է ֆինանսավորել մատչելի բնակարաններ ուկրաինացիների համար, որոնք տեղափոխվել են Լոնդոն՝ պատերազմից փրկվելու համար:
Բնակկոմունալ տնտեսության, համայնքների և տեղական ինքնակառավարման նախարար Մայքլ Գովին ուղղված նամակում Խանն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դաշնակիցներին պատկանող գույքը բռնագրավելու կառավարության ջանքերը ողջունելի են, բայց «բավականաչափ հեռու չեն գնացել»:
Լոնդոնի քաղաքապետը հայտարարել է, որ մտահոգված է, որ անշարժ գույքի սեփականության իրավունքը կարող է թաքցված լինել ֆինանսական համաձայնագրերի սխեմաների միջոցով:
Խանը նաև կոչ է արել վերսկսել Ուկրաինայի ընտանեկան վիզաների ծրագիրը այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարել է, որ դադարեցնում է այն: Սխեմայի փակումը որակվել է որպես «դաժան քայլ», բայց կառավարությունը պնդել է, որ փախստականները նախկինի պես կարող են գալ Մեծ Բրիտանիա «Տներ Ուկրաինայի համար» ծրագրի շրջանակներում:





























