Վերջին տվյալների համաձայն՝ Շագոնարի ՋԷԿ-ում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժել է 21 մարդ, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով Տիվայի կառավարության մամուլի ծառայությանը։ Պայթյունի պատճառը, արտակարգ ծառայությունների տվյալներով, ածխափոշու դետոնացիան է եղել, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սկզբում տեղեկացվել էր, որ երեք մարդ անհետ կորել է, բայց լուրը չի հաստատվել։
Ինչպես գրել է Baza-ն, էլեկտրակայանի կաթսայատանը սկսվել է հրդեհ, որը հանգեցրել է պայթյունի։ «112» Թելեգրամ-ալիքը նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել վառելիքի մատակարարման հատվածում։ Հրշեջները տեղայնացրել են հրդեհը 50 քառակուսի մետր տարածքում, տեղեկացրել են Տիվայի ԱԻՆ վարչությունում։ ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ խափանվել է ածխի մատակարարման գիծը, եւ շենքի պատերից մեկը քանդվել է։ Միջադեպի պատճառով Շագոնարում, որտեղ ապրում է մոտ 12 հազար մարդ, դադարեցվել է ջեռուցումը։
Տուվայում Շագոնարի ՋԷԿ-ի վթարից հետո մտցվել է տարածաշրջանային նշանակության արտակարգ դրություն։
Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անփութության հոդվածով։





























