Առնվազն 5 մարդ զոհվել, 10 մարդ վիրավորվել է օդից նետված հումանիտար օգնության փաթեթների պատճառով Ալի-Շաթի ճամբարում (Գազա քաղաքից արեւմուտք), տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով իրադարձությունների վայրում գտնվող լրագրողին։

Լրագրող Հադեր Ալ-Զաանունը CNN-ին պատմել է, որ ուրբաթ դարձել է ինքնաթիռներից Ալ-Շաթի ճամբար փաթեթների նետման վկան, բայց չի կարող հաստատել, թե որ պետությունն է կանգնած օդից բեռների նետման հետեւում։

Գազա քաղաքի Աշ-Շիֆա բժշկական համալիրի շտապօգնության բաժնի վարիչ Մուհամեդ Ալ-Շեյխը հաստատել է, որ միջադեպի հետեւանքով զոհվել է հինգ մարդ։

Ալ-Շեյխի խոսքով՝ վիրավորվածներից ոմանք տեղափոխվել են Աշ-Շիֆա եւ ծանր վիճակում են։

ԱՄՆ-ն եւ մյուս երկրները օդից հումանիտար օգնություն են նետում Գազայի հատվածում ՄԱԿ նախազգուշացումների ֆոնին, որ հարյուր հազարավոր բնակիչներ պաշարված անկլավում սովի եզրին են։

Շաբաթ օրը ԱՄՆ-ն առաջին անգամ 38 000 բաժին ուտելիք է հասցրել Գազայի ափ Հորդանանի հետ համատեղ գործողության շրջանակում։

Այն բանից հետո, երբ անցած ուրբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց այդ պլանների մասին, հումանիտար կազմակերպությունները քննադատեցին դրանք՝ անվանելով անարդյունավետ, հաշվի առնելով կարիքի ծավալը Գազայում։