«Երեւան Ջուր» ընկերությունը, այսօր` նոյեմբերի 9-ին, ժամը 10.00-ից մինչեւ նոյեմբերի 10-ը ժամը 10.00-ն շինարարական աշխատանքների հետ կապված` դադարեցրել է Կենտրոն վարչական շրջանի մի մասի ջրամատակարարումը:
Ընկերության «Արեւելք» շահագործման տնօրինության ղեկավար Կարապետ Օհանյանի ներկայացմամբ, Երեւանի կենտրոնի ջրամատակարարումը հիմնականում իրականացվում է «Աբովյան պուրակ» օրվա կարգավորման ջրամբարների միջոցով: «Դրանք բաղկացած են երկու խմբից, որոնք առ այսօր տեխնոլոգիական առումով միմյանց միջեւ կապ չեն ունեցել: Ասել է թե` մի խմբի ջրամբարների շահագործման դադարեցման դեպքում հնարավոր չէր լինի մայրաքաղաքի կենտրոնի ջրամատակարարումն իրականացնել մյուս խմբի ջրամբարների միջոցով: Այս երկու օրվա ընթացքում այդ բացը կլրացվի, ջրամբարներն իրար հետ կկապվեն խողովակներով, որի շնորհիվ Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարումը կդառնա ավելի հուսալի»,- ասել է նա:
Բացի այդ, այսօր աշխատանքներ էին տարվում նաեւ Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցում (նախկին տրամվայի հավաքակայանի մոտ):
Հաշվի առնելով, որ տարածքին ջուր մատակարարող խողովակը, որը սկիզբ է առնում Բաշինջաղյան փողոցից, վթարված է եւ հետագա շահագործման համար ոչ պիտանի, ընկերության «Արեւմուտք» շահագործման տնօրինության «Մաշտոց» տեղամասը խցափակում էր այն, փոխարենը սպառողներին ուղղակիորեն միացնելով Արզական-Երեւան մայրուղային ջրատարին:
Ինչպես նշել է տեղամասի պետ Էդգար Հայրապետյանը, նոր միացումը ոչ միայն թույլ կտա խուսափել հոսակորուստներից, այլեւ բարելավել հարակից թվով 7 բազմաբնակարան շենքերի ու հիմնարկ-ձեռնարկությունների, ինչպես նաեւ Նոյ թաղամասի մի հատվածի ջրամատակարարումը: Եթե առ այսօր ջրամատակարարումն այստեղ գրաֆիկով է, ապա աշխատանքների ավարտից հետո մինչեւ երրորդ հարկ ամենուր, ինչպես նաեւ բարձրահարկերի մի մասը, կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ: Մյուս շենքերը կունենան մշտական ջրամատակարարում որոշ ժամանակ անց` նոր տեսակի պոմպերի տեղադրումից հետո:




























