Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր` նոյեմբերի 9-ին, ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպան Ջոն Հեֆերնին եւ նրան ներկայացրել նախարարության գործունեությանը` մասնավորապես ներկայացնելով ոլորտում իրականացվող պետական ու միջազգային ծրագրերը:
Գյուղնախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջիններիս շարքում կարեւորվել են հատկապես ԱՄՆ Գյուղդեպարտամենտի աջակցությամբ իրականացվող ծրագրերն` ուղղված վերամշակող արտադրությունների ընդլայնմանն ու կատարելագործմանը:Անդրադարձ է եղել նաեւ նշված կառույցի կողմից տրամադրված խորհրդատվությանն ու վարկային ռեսուրսների կարեւորությանը: Կողմերը գոհունակությամբ են արտահայտվել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի եւ «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման» հիմնադրամի գործունեության վերաբերյալ:
«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրն էական աջակցություն էր` ուղղված գյուղատնտեսության ու առհասարակ գյուղի զարգացմանը: Վերջինիս միջոցով բազմապրոֆիլ աջակցություն ցուցաբերվեց` սկսած խորհրդատվությունից մինչեւ ենթակառուցվածքների արդիականացում, եւ ծրագրի ադյունքներն առավել քան գոհացուցիչ են», -հանդիպման ընթացքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` ցանկալի համարելով ծրագրի շարունակականությունը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպան Ջոն Հեֆերնը պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի օժանդակել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի իրագործմանն ու նպաստել ադյունավետ համագործակցության հետագա ընդլայնմանը:




























