Հայաստանի ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Տիկահիտո Հարադային եւ ներկայացրել նախարարության կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղությունները։

ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարն իր ցավակցությունն է հայտնել` կապված այս տարվա փետրվարին Ճապոնիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի բազմաթիվ զոհերի հետ եւ նշել, որ նման իրավիճակներում բոլոր երկրները պետք է սատար կանգնեն միմյանց։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր մեծ աջակցության համար, երբ 2010 թ. Ճապոնիան Հայաստանին տրամադրեց 28 նոր հրշեջ մեքենա, ինչպես նաեւ համատեղ իրականացվող ուսուցման եւ փորձի փոխանակման բոլոր ծրագրերի համար», - ավելացրել է ԱԻ նախարարը։

Դեսպան Հարադան, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար, նշել է, որ Հայաստանը եւ Ճապոնիան շատ անելիքներ ունեն արտակարգ իրավիճակների ոլորտում։ Մեր երկու երկրներին սպառնում են երկրաշարժեր. այսօր Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները միասին աշխատում են «Երեւան քաղաքի սեյսմիկ ռիսկի գնահատման եւ կառավարման պլանավորման» ծրագրի վրա։ Ճապոնական կողմը մեծ նշանակություն է տալիս նաեւ սողանքների կանխարգելման եւ հետեւանքների վերացման ոլորտում համագործակցությանը։

Դեսպան Հարադան ավելացրել է, որ Ճապոնիան բարձր է գնահատում այն փաստը, որ տրամադրված հրշեջ մեքենաները մեծ արդյունավետությամբ են օգտագործվում։

«Գիտեմ, որ Ռուսաստանում տեղի ունեցած անտառային հրդեհների ժամանակ Հայաստանը չորս հրշեջ մեքենա էր ուղարկել այնտեղ։ Մենք ուրախ ենք, որ մեր տրամադրած մեքենաներով կարողացել ենք օգնել նաեւ ռուս գործընկերներին։ Ապագայում եւս պատրաստ ենք դիտարկել համագործակցության նման տարբերակներ», - նշել է դեսպանը:

Ճապոնիայի նորանշանակ դեսպանն այցելել է նաեւ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն։ Նախարար Երիցյանը հանգամանալից ներկայացրել է կենտրոնի տեխնիկական հնարավորությունները, կառուցվածքն ու աշխատանքի սկզբունքները, ավելացնելով, որ ընդամենը երկու օր առաջ Ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղի է ունեցել առաջին ուղիղ հեռուստակոնֆերանսը Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ: