ԱՄՆ ռազմաօդային ուժերը հաջող փորձարկել են «օդ-երկիր» դասի AGM-183 հիպերձայնային հրթիռը ARRW (Air-Launched Rapid Response Weapon) ծրագրի շրջանակում։ Այս մասին նշվել է երեքշաբթի ԱՄՆ ՌՕՈւ տարածած հայտարարությունում։
Փաստաթուղթը վկայում է, որ արձակումն իրականացվել է մարտի 17-ին B-52 ռազմավարական ռմբակոծչից, որը թռել է Գուամ կղզու ամերիկյան Անդերսեն ռազմակայանից (Խաղաղ օվկիանոս)։ Փաստաթղթում նշվել է, որ փորձարկումը թույլ է տվել «արժեքավոր տվյալներ հավաքել» հրթիռի հնարավորությունների մասին։ ԱՄՆ ՌՕՈւ-ում ընդգծել են, որ չեն հրապարակի մանրամասներ՝ նշելով, որ այն ուղղված է «հիպերձայնային սպառազինությունների ծրագրի ընդլայնմանը»։
Մարտի 17-ի արձակումը AGM-183 հրթիռի նախատիպի հինգերորդ արձակումն է։





























