Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը եւ դաշնային կառավարության նախարարներն ինքնակամ հրաժարվել են աշխատավարձ ստանալ խնայողության կոշտ միջոցների շրջանակում, որոնք ուղղված են պետական ծախսերի կրճատմանը։ Այս մասին տեղեկացրել է Pakistan Today թերթը։

Այս շաբաթ ավելի վաղ Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին եւս հրաժարվել էր աշխատավարձից եւ արտոնություններից՝ հայտարարելով, որ «որոշել է ազգային գանձարանը չծանրաբեռնել պետությունից կատարվող վճարներով»։

Պետական ծախսերի խնայման միջոցներ մտցնելը Պակիստանի նոր դաշնային կառավարության առաջին քայլերից մեկն է, որը ձեւավորվել է փետրվարին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։ Այն գլխավորում է Շարիֆը։

Երկուշաբթի կառավարությունը պետական ծախսերի խնայողության նպատակով սահմանափակել է նախարարների եւ պետական պաշտոնյաների արտասահմանյան ուղեւորությունները, ինչպես նաեւ արտասահմանում նրանց գտնվելու նոր կանոններ է մտցրել։ Այսուհետ դաշնային եւ պետական նախարարները, նրանց խորհրդականները եւ օգնականները պարտավոր են արտասահման մեկնել տարեկան 3 անգամից ոչ ավելի եւ միայն կառավարական կոմիտեի թույլտվությամբ, ինչն ապահովելու է ազգային բյուջեի խնայողությունը։ Արտասահմանյան ուղեւորություններում նրանց արգելվում է մնալ հինգ աստղանի հյուրանոցներում։ Պակիստանի արտասահմանյան դեսպանություններին խորհուրդ է տրվում որքան հնարավոր է ավելի լայն գործադրել դիվանագետներին միջազգային համաժողովներում եւ միջոցառումներում, ինչը պետք է նպաստի դրանց մասնակցության համար նախարարների եւ պաշտոնյաների ուղեւորության կրճատմանը։