Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ չնայած արեւմտյան ջանքերին՝ չի հաջողվել մեկուսացնել հանրապետությունը միջազգային ասպարեզում, նրա միջազգային դիրքերն անգամ ամրացել են։
«Չնայած հավաքական Արեւմուտքի բոլոր ջանքերին՝ Բելառուսին մեկուսացնել չի հաջողվել միջազգային ասպարեզում։ Ավելին, երկրի միջազգային դիրքերն անգամ ամրացել են», մամուլի ծառայությունը մեջբերել է Լուկաշենկոյի խոսքերը խորհրդարանի ստորին եւ վերին պալատների պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։
Նա ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ խորհրդարանականները նկատելիորեն ընդլայնել են միջազգային շփումները, ուժեղացրել դիրքերը Ռուսաստանի եւ ԵԱՏՄ այլ երկրների խորհրդարանականների հետ, շփումներ հաստատել լատինաամերիկյան, հեռավորարեւելյան եւ աֆրիկյան երկրների գործընկերների հետ։
Նրա խոսքով՝ խորհրդարանականների գործունեությունն ուղղվել է ազգային շահերի պաշտպանությանը, խաղաղ, միավորիչ օրակարգի առաջմղմանը եւ Բելառուսի իմիջի ամրապնդմանը՝ որպես հուսալի եւ կանխատեսելի պետության։





























