Կրթությունը և  ESG-ն (բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարում) ապրելաոճ են, և շատ կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրն ապահովի ESG առօրյա կյանքում և ռեսուրսների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք ցուցաբերի։

Դրա մասին բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման (ESG) թեմայով համաժողովում մարտի 22-ին հայտարարել է Հայ-բրիտանական գործարար պալատի գործադիր տնօրեն Իրինա Չոբանյանը։

Նա նշել է վաղ տարիքում գիտելիք ձեռք բերելու կարևորությունը, շեշտելով, որ մինչև 7 տարեկանը ձեռք բերված ցանկացած գիտելիք մարդու ենթագիտակցության մաս է դառնում։

«Կյանքի առաջին տարիներին երեխան ոչ թե լսում է ծնողների խոսքերը, այլ հետևում է նրանց վարքին»,- նշել է Հայ-բրիտանական գործարար պալատի տնօրենը։

Չոբանյանի համոզմամբ՝ բոլոր մակարդակների կրթական հաստատությունները (նախադպրոցական հաստատություններ, դպրոցներ և բուհեր) ևս պետք է իրենց դերը կատարեն։

«Շատ կարևոր է նաև ինքնակրթությունը։ Հենց այս բաղադրիչի բացակայությունն էլ կարող է պատճառ լինել, որ շատերին չի հաջողվում առօրյա կյանքում ESG կիրառել»,- հավելել է նա։

Չոբանյանը հայտնել է, որ Հայ-բրիտանական գործարար պալատը ESG բաղադրիչով հետաքրքիր բիզնես ծրագրեր է ներկայացնելու՝ խոստանալով ավելի ուշ մանրամասներ հաղորդել: