Եվրամիության կողմից Պաղեստինի՝ որպես անկախ պետության ճանաչումը միության երկրների իրավասության մեջ է։ Ըստ ТАСС-ի՝ դրա մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը: 

Միշելը հայտարարություն է արել Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով պաղեստինյան պետության հնարավոր ճանաչման նախաձեռնությունները։

«Անդամ երկրները պետք է որոշեն՝ ճանաչե՞լ Պաղեստինը, թե՞ ոչ»,- ասել է եվրոպացի պաշտոնյան։

Միշելը նշել է, որ ԵՄ առաջնորդները քննարկել են Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու հարցը։

«Մեր մտահղացումն այն է, որպեսզի գործընթացը սկսվի և երկու կողմի քայլերը դիտարկելու հնարավորություն ստեղծվի։ Դա կարող էր օգտակար գործընթաց դառնալ: Մենք քննարկել ենք լուծում՝ հիմնված երկու պետությունների սկզբունքի վրա»,- հավելել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։