Հնդկաստանը շաբաթ օրը կանչել է գերմանացի բանագնացին, որպեսզի բողոք հայտնի ընդդիմության առաջնորդի ձերբակալման առիթով նրա կառավարության արած արտահայտությունների առնչությամբ։
Նյու Դելին կանչել է Գերմանիայի դեսպանության ղեկավարի տեղակալ Գեորգ Էնցվայլերին եւ վճռական բողոք հայտնել, նշվել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում։
«Մենք նման արտահայտությունները համարում ենք միջամտություն մեր դատական համակարգին,- նշվել է Հնդկաստանի նախարարության հայտարարությունում։- Կանխակալ ենթադրությունները անհիմն են»։
Գերատեսչությունը հայտարարել է, որ օրենքը գործելու է իր հայեցողությամբ, ինչպես բոլոր դատական գործերում եւ դեմոկրատական աշխարհի այլ երկրներում։
Գերմանիայի դեսպանությունը բողոքը չի մեկնաբանել։
Ազգային ընդդիմության գործիչ, մայրաքաղաքի Դելիի շրջանի գլխավոր նախարար Արվինդ Քեջրիվալը ազգային ընտրություններից մեկ ամիս առաջ, հինգշաբթի ձերբակալվել է կոռուցպիայի մեղադրանքով, ինչը նրա կուսակցությունը հերքում է։
Ուրբաթ հրավիրված մամուլի ասուլիսում պատասխանելով ձերբակալության մասին հարցին՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սեբաստիան Ֆիշերն ասել է, որ Բեռլինը դա ընդունել է ի գիտություն, փոխանցել է Reuters-ը։
«Մենք ենթադրում ենք եւ սպասում, որ դատական համակարգի անկախությանը վերաբերող չափորոշիչները կկիրառվեն նաեւ այս դեպքում»,- ասել է Ֆիշերը՝ ավելացնելով, որ Քեջրիվալը, «ինչպես եւ ցանկացած այլ մարդ, որին մեղադրանք է առաջադրվել, արդար եւ անաչառ դատի իրավունք ունի»։





























