Թե ինչ է տեղի ունեցել Crocus City Hall առևտրի կենտրոնում, մենք չենք իմանա։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նա հավելել է, որ վաղը կարող են ասել, որ դա ուկրաինացիներն են, կոլեկտիվ Արևմուտքը կամ իսլամական ֆունդամենտալիստները, սակայն դժվար կլինի հավատալ այս տարբերակներից որևէ մեկին։
Ըստ նրա՝ ցույց տրված մարդիկ ակնհայտ խոշտանգումների են ենթարկվել, ինչի արդյունքում նրանք խոստովանել են. «Քանի՞ մարդ կար։ Ինչպիսի՞ մարդիկ էին նրանք։ Վարկածները, որոնց նրանք հանդիպել են համացանցում, լուրջ չեն։ Այն, ինչ այնտեղ արվեց, արվեց շատ պրոֆեսիոնալ»,- ընդգծեց քաղաքագետը։
Նրա գնահատմամբ՝ նրանք գործել են այնպես, ինչպես սովորաբար գործում են քաղաքային ճակատամարտում, այս գործողությունն իրականացրել է լուրջ կազմակերպություն։ «Սովորաբար նման գործողությունները չափազանց դժվար է կանխարգելել։ Ստարովոյտովայի (ընդդիմադիր գործիչ- խմբ.), Չեչնիայի նախկին նախագահ Ախամ Կադիրովի սպանության և Նորդ-Օստում տեղի ունեցած ահաբեկչության գործով մենք չգիտենք, թե ով է դա պատվիրել»,- հավելեց Իսկանդարյանը։
Մոսկվայում տեղի ունեցած վերջին ահաբեկչությունը նա պատահականություն չի անվանել՝ նշելով, որ Ռուսաստանն ինքը սկսել է փոխվել, պատերազմ է գնում, և այս պատերազմում կռվում են քրեական անցյալով բավականին շատ մարդիկ։
«Վերահղում է տեղի ունեցել, թե ինչով են զբաղված հետախուզական ծառայությունները: Երբ այս ամբողջ մեքենան ուղղված է քաղաքական հակառակորդներին հետևելուն, ոչ թե ահաբեկիչներին փնտրելուն, այլ բլոգերներին և մարդկանց, ովքեր խոսում են երկրի քաղաքականության դեմ, դա հանգեցնում է նրան, որ այդ կառույցները սկսում են ավելի վատ աշխատել այս ուղղությամբ։ Եվ ահա ահաբեկիչների համար հնարավորություններ են առաջանում»,- պարզաբանեց քաղաքագետը։
Նա մատնանշեց Ռուսաստանում ընդհանուր իրավիճակը, բռնության նկատմամբ վերաբերմունքը, ցանցային կազմակերպությունների աշխատանքը, որոնք բնակչության որոշակի հատվածին ենթարկում են արմատական մշակման։
«Եթե պետությունը չի կարող վերահսկել սա, չի կարող արձագանքել, ուրեմն ինչ լինում է, լինում է։ Այս մասշտաբի յուրաքանչյուր նոր ահաբեկչություն բերում է մեծ ռիսկերի (կրկնվող ահաբեկչության - խմբ.)»,- եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը։





























