Հայաստանում, նոյեմբերի 11-ին, կանցկացվի «Ռուսական արջուկ» միջազգային խաղ-մրցույթը, որն արդեն երկրորդ տարին  է, ինչ  պաշտոնապես անցկացվում է մեր երկրում «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով` ի թիվս այլ միջազգային մրցույթների։

Մրցույթին մասնակցում են 312 դպրոց Հայաստանից եւ 13 դպրոց Արցախից, մասնակիցների ընդհանուր թիվը` 2-11-րդ դասարանների ավելի քան 9400 աշակերտ:

Նախորդ տարվա համեմատ, մասնակից երեխաների թիվը աճել է գրեթե 4,5 անգամ: Այսպիսի ակտիվությունը եւս մեկ անգամ փաստում է կրթության հանդեպ նրանց հետաքրքության մասին եւ  ցույց տալիս, որ հայ դպրոցականները ամեն տարի սիրով ու ոգեւորությամբ են մասնակցում աշխարհում տարբեր առարկաներից անցկացվող զանգվածային մրցույթներին։

Նշենք, որ «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» մրցույթը «Կենգուրու. մաթեմատիկա բոլորի համար» միջազգային հայտնի ու սիրված մրցույթի «կրտսեր եղբայրն» է: Մրցույթի գլխավոր նպատակն է՝ համընդհանուր հետաքրքրություն առաջացնել ռուսաց լեզվի հանդեպ: Այն առաջին անգամ անցկացվել է 2000 թվականին Ռուսաստանում՝ 64 000 դպրոցականների մասնակցությամբ: 

Արդեն 2010թ.-ին «Ռուսական արջուկ»-ին մասնակցել է 2,8 միլիոն երեխա  Ռուսաստանից,  Ղազախստանից, Ուկրաինայից, Լատվիայից,  Հայաստանից,  Մոլդովայից, Ղրղզստանից, Ուզբեկստանից,  Տաջիկստանից, Իսրայելից, ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Անգլիայից եւ  այլ երկրներից։ Մրցույթը բոլոր երկրներում անցկացվում է նույն օրը՝ նոյեմբերի 11-ին: