Crocus-ի ահաբեկչության մեջ մեղադրվող չորս զինյալներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, հարցաքննության ժամանակ ասել է, որ Ռուսաստան է եկել Թուրքիայից, հայտնել է թուրքական Yetkin Report-ը։

Ֆարիդունին հարցաքննության ժամանակ ասել է, թե գնացել է Թուրքիա, քանի որ իր մուտքի թույլտվության ժամկետը սպառվել է։

Հետաքննությունը վարող թուրքական անվտանգության ուժերը պարզել են, որ հարձակման պատասխանատու Տաջիկստանի չորս քաղաքացիներից երկուսը մեկնել են Թուրքիա։

Ե՞րբ է Ֆարիդունին եղել Թուրքիայում:

Ահաբեկչություն կատարելու մեջ մեղադրվող Ֆարիդունին պնդել է, որ մարդիկ, որոնց հետ շփվել է Telegram ալիքով, այս ահաբեկչության համար 500 հազար ռուբլի են խոստացել իրեն։ Ըստ ռուսական РИА Новости-ի՝ Ֆարիդունին բնակվում է Ռուսաստանի Կրասնոգորսկ քաղաքում։

Անվտանգության աղբյուրներից ստացված տեղեկություններով՝ Ֆարիդունին Մոսկվայից ինքնաթիռով Ստամբուլ է ժամանել 2024 թվականի փետրվարի 20-ին, փետրվարի 21-ին էլ՝ տեղավորվել Ֆաթիհ թաղամասի հյուրանոցներից մեկում։

Փետրվարի 23-ին նա Instagram-ի իր միկրոբլոգում «Aksaray Istanbul» մակագրությամբ 8 լուսանկար է զետեղել Ֆաթիհից։ Փետրվարի 27-ին հյուրանոցից դուրս եկած Ֆարիդունին Ստամբուլի օդանավակայանից ՌԴ է վերադարձել մարտի 2-ին։

Մեկ այլ ձերբակալված՝ Սաջդակրամ Ռաջաբալիզոդան, Ստամբուլ է  ժամանել 2024թվականի հունվարի 5-ին՝ Ֆարիդունիից մոտ մեկ ամիս առաջ, և նույն օրը տեղավորվել է Ֆաթիհի հյուրանոցներից մեկում: Հենց այս հյուրանոցում էլ հետագայում հանգրվանել է Ֆարիդունին:

Այդուհանդերձ, պարզվել է, որ Ռաջաբալիզոդան լքել է հյուրանոցը նույն օրը, երբ Ֆարիդունին տեղափոխվել է այնտեղ: Մարտի 2-ին նա Ֆարիդունիի հետ նույն ինքնաթիռով վերադարձել է Մոսկվա։